Փեշմերգային ԱՄՆ-ի տրամադրած դիպուկահար հրացանները կարող են հայտնվել PKK-ի ձեռքում. Vatan
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը պատրաստվում է համաձայնագրեր ստորագրել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ՝ նրանցից ծանր սպառազինություն ստանալու համար:
Այդ զենքը նախատեսված կլինի ինքնավարության զինված ուժերի (Փեշմերգա) համար, որոնք մարտեր են մղում Իրաքում լայն գործունեություն ծավալած «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:
Վերջիններս արդեն իսկ սկսել են սպառնալ քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլին և դրա հետ կապված` քրդական ինքնավարության ղեկավարությունը ծանր սպառազինություն է խնդրել արևմտյան երկրներից: Մասնավորապես, քրդերին զենք ուղարկելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից բացի, հայտարարել են նաև Ֆրանսիան ու Գերմանիան:
2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուն դեմ հանդես եկած Վատիկանն այս անգամ հավանության է արժանացրել իսլամիստ զինյալների դեմ գործողությունները՝ եզդիներին փրկելու համար:
Փեշմերգայի հարցերով նախարարության խոսնակ Հալգորդ Հիքմեթը հայտարարել է, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ը օգնում է թեթև հրաձգային զենքով, սակայն իրենք իսլամիստ ծայրահեղականների դեմ հաջող պայքար մղելու համար կարիք ունեն ծանր սպառազինության:
Մասնավորապես, ԱՄՆ-ը Փեշմերգային հատկացրել է M82 տիպի դիպուկահար հրացաններ: 50 միլիմետր տրամաչափի այդ հրացանի հեռահարությունը կազմում է 1800-2000 մետր:
Թուրքիայում մտավախություն ունեն, որ դիպուկահար այդ հրացանները կարող են հայտնվել երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ձեռքը, ինչը մեծ ռիսկ է ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: