Թուրքիան քրեական գործեր է հարուցել Ուկրաինայի տարածքային ջրերը խախտածների նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իրավասու մարմինները քրեական գործեր են հարուցել նրանց դեմ, ովքեր խախտել են Ուկրաինայի տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն.

«Խախտումներն առնչվել են ինչպես ծովային, այնպես էլ՝ օդային տիրույթին: Ղրիմն ուկրաինական տարածք է: Ներկայումս մենք պատրաստվում ենք Միջազգային տրիբունալում վեճին՝ կապված նավահանգիստների ու ծովային ենթակառուցվածքների ապօրինի գրավման մասին ծովային իրավունքի հետ»

Նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը խախտում է Չիկագոյի կոնվենցիայի դրույթները, քանի որ ռուսական օդանավերը մուտք են գործում Ղրիմի օդային տիրույթ: Պետրենկոյի խոսքերով՝ ներկա դրությամբ իրենց սահմանած տուգանքների չափն արդեն իսկ հասել է 300 միլիոն գրիվնայի:

Հիշեցնենք, որ Աբխազիայում իր ազդեցությունը մեծացնել ձգտող Թուրքիան քանիցս խախտել է Վրաստանի տարածքային ջրերը՝ նավեր ուղարկելով Աբխազիա, առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության:

Վրացական օրենքների համաձայն` Աբխազիայի ծովափն ու նավահանգիստները հայտարարվել են միջազգային նավարկության համար փակ գոտի: Միջազգային հանրությունը, որը չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը, նրա առափնյա 12-մղոնանոց գոտին համարում է վրացական տարածքային ջրեր: Այդ պատճառով էլ Վրաստանը բազմիցս կալանել է Թուրքիայից Աբխազիա մեկնող առևտրանավերը:

Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է ավելի քան 15 տարի: Միայն 2009 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստանը կալանել է Աբխազիա ուղևորվող 23 նավ, որոնցից 4-ը` «օկուպացված տարածքների ջրեր մուտք գործելու կանոնները խախտելու» մեղադրանքով: Այդ նավերի մեծ մասը թուրքական են։

Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին ու հանվել են աճուրդի: Միևնույն ժամանակահատվածում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատ արձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք: 

Տեսանյութեր

Լրահոս