Հանգստանա՞լ Անթալիայում, թե՞ ոչ. «Թուրքերը դարեր շարունակ հայի արյունով են սնվում»
Որո՞նք են հայերի ամենանախընտրելի հանգստավայրերը ամռանը, մեկնե՞լ արդյոք Անթալիա հանգստի, թե՞ ոչ, ի՞նչ հիմնական խնդիրներ կան հայկական տուրիզմի հետ կապված. այս և այլ թեմաների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Պարադիս-տուր» տուրիստական ընկերության տուր-մենեջեր Արսեն Ջոմարդյանը և Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ համակարգող Սևան Աղաջանյանը:
Արսեն Ջոմարդյանի խոսքով՝ հայերը Հայաստանից դուրս նախընտրում են հիմնականում հանգստանալ Թուրքիայում՝ ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ ծովափնյա գոտիներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանի ծովափնյա գոտիներում, որոնք շատ մատչելի են, և Եգիպտոսում:
Այն, որ հայերն իսկապես նախընտրում են ամառային հանգիստը կազմակերպել Թուրքիայում՝ գաղտնիք չէ: Հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ Սևան Աղաջանյանը հարկ համարեց հիշեցնել, որ թուրքերը հայերի դարավոր թշնամիներն են, արդեն դարեր շարունակ «հայի արյունով են սնվում» և որ ցանկացած հայի համար պիտի անընդունելի լինի Թուրքիայում հանգստանալը.
«Բոլորս էլ տեղյակ ենք, որ Թուրքիան ունի զարգացած տնտեսություն, և յուրաքանչյուրս, հանգստանալով Անթալիայում, օգնում ենք Թուրքիային նաև սպառազինության հարցում: Պետք է չմոռանանք, որ ունենք ցեղասպանության տարելիցի խնդիր և պետք է բոյկոտենք»:
Ա. Ջոմարդյանն ասաց, որ ինքն այսօր պատահական չէ ներկայացել ասուլիսին. իրենց տուրիստական ընկերությունը ևս դեմ է հայերի՝ Թուրքիայում հանգստանալու փաստին և իրենք չեն կազմակերպում չվերթեր դեպի Թուրքիա.
«Մենք հիմնադրման օրվանից շեշտը դրել ենք դրա վրա, որ չենք իրականացնելու տուրիստական փաթեթների վաճառք դեպի Թուրքիա ուղղությամբ, որքան էլ որ նրանց ծառայությունները մատչելի են, որքան էլ որ նրանք լավագույն պայմաններն են առաջարկում տարածաշրջանում: Դա մեզ չի խանգարում, որ դրամի հետևից չընկնենք և նրանց չհարստացնենք. չէ՞ որ նրանք ոչ միայն իրենց սպառազինությունն են ուժեղացնում, այլև զենք են վաճառում Ադրբեջանին»:
Անդրադառնալով ներգնա տուրիզմի հետ կապված հարցերին, Ա. Ջոմարդյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվել, համեմատվել են Հայաստանի և դրսում հայերի նախընտրած վայրերի կողմից առաջարկվող ծառայություները, և արդյունքում պարզվել է, որ գների տարբերություն գրեթե չկա, այլ կերպ ասած՝ շատ չնչին է, և ցանկության դեպքում հայերը կարող են նաև այստեղ՝ Հայաստանում կազմակերպել իրենց հանգիստը՝ ծախսելով այնքան գումար, որքան ծախսում են դրսում հանգստանալու համար.
«Բացի այդ՝ կարծում եմ, որ ներգնա տուրիզմով կարող են զբաղվել այն կազմակերպությունները, որոնք ունեն բավական փորձառություն, կարող են վերցնել պատասխանատվություն Հայաստանը աշխարհին ճիշտ և պատվով ներկայացնելու համար: Ես ճիշտ չեմ համարում այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք տուրիստներ են բերում Հայաստան և չեն կարողանում նրանց համապատասխան որակով սպասարկել: Այսինքն՝ մեր պետությունը պետք է որոշակի փոփոխություններ և վերանայումներ կատարի այս ոլորտի հետ կապված:
Կառավարությունը պետք է լիցենզավորի ներգնա և, ինչու չէ, նաև արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող տուրիստական ընկերություններին, որպեսզի համապատասխան որակավորումով մասնագետներ զբաղվեն այդ գործով: Հայաստանում մոտ 200-ից ավելի նման ընկերություններ կան, որ զբաղվում են ներգնա տուրիզմով, բայց գաղափար չունեն իրենց գործից. չէ՞ որ դա պահանջում է բավականին ծավալուն և բարդ աշխատանք, և սխալ կատարելու դեպքում գցում են Հայաստանի պատիվն ամբողջ աշխարհում»:
Խոսելով Հայաստանում տուրիզմի հետ կապված խնդիրների մասին՝ Ա. Ջոմարդյանն ասաց, որ Հայաստանում կա ենթակառուցվածքների խնդիր. «Բոլորն էլ նկատած կլինեն, որ եկեղեցիների ծածկերը կանաչապատ են և դրանք չեն մաքրվում ընդհանրապես: Հետո՝ մենք չունենք զբոսաշրջային նշաններ, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, այսինքն՝ մենք, օրինակ, հասնելով որևէ զբոսաշրջային վայր, չենք կարող իմանալ, թե հետո որ ուղղությամբ պետք է գնանք, քանի կիլոմետր է, որ ուղղությամբ ինչ ռեստորան կա, ինչպիսի վայրեր կան, ճանապարհն ինչ վիճակում է:
Հաջորդ թերությունն այն է, որ մենք հիմնականում շեշտը դնում ենք երեք, չորս, հինգաստղանի հյուրանոցների վրա՝ մոռանալով, որ կարող ենք ավելի մատչելի տարբերակներ առաջարկել՝ օրինակ՝ Սևանում հիմնելով զբոսաշրջային տներ կամ խրախուսելով զբոսաշրջային խնդիրների զարգացմանը. չէ՞ որ դրա շնորհիվ ավելի քիչ գումարներ կծախսենք հանգստանալու համար: Մեծ խնդիր ունենք զուգարանների հետ կապված: 250 հազար դոլար ներդրումն իրեն ընդհանրապես չարդարացրեց բիոզուգարանների առումով, քանի որ դրանք երկուսն էլ այսօրվա դրությամբ չեն աշխատում: Դրանց փոխարեն կարող էինք տեղադրել բազմաթիվ հասարակական զուգարաններ, որոնք անհրաժեշտ կլինեին բոլորին: Անձամբ ինձ հետ բազմաթիվ դեպքեր են պատահել, երբ զբոսաշրջիկերին տարել եմ որևէ զբոսաշրջային վայր և ամաչել եմ, որ նրանց հասարակական զուգարանի ոչ մի տեղ չեմ կարողացել մատնանշել: Հայաստանում շատ փառատոններ են կազմակերպվում, և այդ վայրերում չի տեղադրվում գոնե ժամանակավոր զուգարաններ: Սա շատ ցավալի և ամոթալի խնդիր է»:
Արտերկրից ժամանած զբոսաշրջիկները Հայաստանում ցանկանում են տեսնել հինը: Ա. Ջոմարդյանի խոսքով՝ երբ ինքը նրանց հարցնում է, թե ինչի համար են եկել Հայաստան, ինչ են ուզում տեսնել Հայաստանում, նրանք ասում են, որ եկել են տեսնելու մեր հինը, մեր մշակույթը.
«Նրանց բոլորովին չի հետաքրքրում մեր հյուսիսային պողոտան, մեր լավագույն հինգաստղանի հյուրանոցները և այլն: Նրանց հետաքրքրում է, թե ինչ է պահպանվել Հայաստանում: Նրանք երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որոնց ես չեմ կարողանում պատասխանել. ասում են՝ դուք ունեք 2796 տարեկան Երևան, իսկ ո՞ւր են գոնե 500 տարվա հնության մշակութային արժեքներ կամ շենքեր, որոնք կփաստեն ձեր Երևանի հին լինելը, և ես չեմ կարողանում պատասխանել նրանց այդ հարցադրումներին: Ոչինչ չկա, ոչինչ չի պահպանվել, կամ էլ այնպիսի սխալ ռեստավրացիաներ են իրականացնում, որ հին շինությունը կորցնում է իր պատմական արժեքը. եթե հնությունը պահպանվում է, ուրեմն պիտի պահպանվի ամբողջությամբ»:
Որքանո՞վ են արտասահմանցի զբոսաշրջիները նախընտրում Հայաստանում հանգիստը և ո՞ր երկրներից են հիմնականում գալիս Հայաստան. 168.am-ի այս հարցին Արսեն Ջոմարդյանը պատասխանեց, որ եվրոպական երկրներից մեզ մոտ են գալիս հիմանականում Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Բացի այս երկրներից, մեզ մոտ իրենց հանգիստը նախընտրում են կազմակերպել նաև Ռուսաստանից և Ամերիկայից եկած զբոսաշրջիկները: Բայց առհասարակ վիճակագրական տվյալներով՝ մեզ մոտ այցելած զբոսաշրջիկների 65%-ը սփյուռքահայեր են: