
Վրաստանում ներքին հետախուզում են հայտարարել Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ներքին հետախուզում են հայտարարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը: Տվյալ որոշումը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ-ին:
Ընդգծվել է, որ Սաակաշվիլու նկատմամբ հետախուզում է հայտարարվել այն բանի հիման վրա, որ դատարանը որոշել է հեռակա կարգով կալանավորել նրան՝ կապված 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան բռնի ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ կատարված հարձակման հետ:
Դատախազությունը հայտարարել է, որ եթե Սաակաշվիլին փորձի հատել երկրի պետական սահմանը, ապա նրան կձերբակալեն: Սրանից առաջ էլ դատախազությունը Սաակաշվիլուն մեղադրել էր պետբյուջեից 8.837.000 լարի (ավելի քան 5 միլիոն դոլար) վատնելու մեջ:
Բացի այդ, Սաակշվիլուն ու Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն մեղադրում են 2005 թվականի հուլիսի 14-ին «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Վալերի Գելաշվիլուն կոշտ ծեծի ենթարկելու մեջ: