Դաշտադեմի միջնադարյան ամրոցը կվերականգնվի
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. հարկադրված ընդհատել էր Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան (VII-XIXդդ.) ամրոցի վերականգնման աշխատանքը: 2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել: Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ հատկացնելու որոշում: Դրանով իսկ ստեղծվել են համալիր ծրագիրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ: