
Ռուսաստանը չունի Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու գաղափարներ. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալն իր հոդվածում գրել է, որ Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման առաջին արդյունքը հաջող էր, քանի որ նվազել է շփման գծի լարվածությունը.
«Սակայն Սարգսյանն ու Ալիևը հանդիպումից հետո սահմանափակվել են միայն պատմական փաստեր վկայակոչելով և խաղաղությանը հավատարիմ մնալու մասին հայտարարություններով, հարցի էության մասին ոչինչ չի ասվել, ինչն օրինակ վերաբերվում է 1994 թվականի հրադադարի ռեժիմի ուժեղացման անհրաժեշտությանը:
Ներկայիս իրավիճակում հրադադարի ռեժիմի խախտումը և տասնյակ մարդկանց զոհվելը դառնում է նորմա: 2011 թվականից բանակցային սեղանին կա լարվածության հետաքննման մեխանիզմ, սակայն այն չի իրագործվում:
Այդ հարցը չի բարձրացվել նաև Սոչիում: Ռոսաստանը կոնֆլիկտ է բորբոքում, որպեսզի ղեկավարի իրավիճակը: Պուտինն իրավիճակն օգտագործում է իր խաղաղարար լինելն ի ցույց դնելու համար»:
Անդրադառնալով Սոչիի հանդիպումից առաջ Իլհամ Ալիևի Twitter-յան գրառումներին, որ «ադրբեջանական դրոշը վերստին կբարձրացվի Ստեփանակերտի, Շուշիի և մյուս տարածքների վրա»՝ փորձագետը նշել է, որ դրանք ավելի շուտ «թատերական տարրեր» են, քան՝ պատերազմի սկսման ցուցիչներ:
Թոմ դե Վաալը հիշատակել է նաև Սոչիի հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանն ունի 300 կիլոմետր հեռահարության հրթիռներ, որոնք կարող են Ադրբեջանի քաղաքները վերածել ավերակների, ինչպես որ ավելի վաղ եղել է Ակնի (Աղդամ) պարագայում:
Փորձագետը կարծում է, որ այդ ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չունի հակամարտությունը կարգավորելու գաղափարներ, և որ նա ձգտում է առավելագույն կերպ օգտագործել ներկայիս ստատուս-քվոն: Թոմ դե Վաալի խոսքերով՝ Սոչիի հանդիպումից հետո Պուտինի տեսադաշտում վերստին հայտնվել է Ուկրաինայի հարցը: