Բաժիններ՝

Ջեմիլ Չիչեքն այցելել է շփման գծում վիրավորված և Անկարայում բուժում ստացող ադրբեջանցի զինծառայողներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելել է օգոստոսի 9-ից Անկարայում բուժում ստացող ադրբեջանցի զինծառայողներին, որոնք վիրավորվել են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և բերվել են Թուրքիա:

Չիչեքը հանդիպել է նաև Գազայի հատվածի բնակիչների հետ, որոնք վիրավորվել են Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով: Չիչեքը նրանց մաղթել է շուտափույթ առողջացում՝ օգտագործելով «անցած լինի» արտահայտությունը:

Չիչեքը հավասարության նշան է դրել նրանց միջև՝ վիրավոր ադրեջանցիներին ու պաղեստինցիներին ներկայացնելով որպես «դաժանության զոհեր»: Չիչեքն ընդգծել է, որ Թուրքիան մշտապես Գազայի հատվածի բնակիչների կողքին է:

Անդրադառնալով Ադրբեջանին՝ Չիչեքը հիշեցրել է ավելի քան 20 տարի առաջ այդ երկրի կրած տարածքային կորուստների ու մեծ թվով փախստականների առկայության մասին: Ջեմիլ Չիչեքն անգործության մեջ է մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հավելելով, որ հայտնի է Ղարաբաղյան ու Պաղեստինի հարցերում Թուրքիայի դիրքորոշումը:

Չիչեքը հայտարարել է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն և որ իրենք կիսում են նրանց ցավը»: Չիչեքից առաջ էլ Անկարայում բուժում ստացող ադրբեջանցի զինծառայողներին տեսակցել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս