Ստամբուլի երրորդ օդանավակայանը կկրի Էրդողանի անունը
Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով ընտրվեց Թուրքիայի 12-րդ նախագահ, լուծվեց նաև Ստամբուլի երրորդ օդանավակայանի անվան հարցը:
Որոշվել է տվյալ օդանավակայանն անվանակոչել հենց Ռեջեփ Թայյիփ Էրդողանի՝ Թուրքիայի 12-րդ նախագահի անունով: Այս մասին հայտարարել է Տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Լյութֆի Ալվանը:
Թեկնածու անունների թվում նշվել են նաև Մևլյանան (միջնադարյան պոետ), Ֆաթիհը (1453 թվականին Կոստանդնուպոլիսը գրաված օսմանյան սուլթան), Քանունին (ամենաերկար ժսմկետով կառավարած (46 տարի) և ամենաշատ (13) արշավանքներ իրականացրած օսմանյան սուլթան), Աթաթուրքը:
Ակնկալվում է, որ Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցումը կարժենա 10.2 միլիարդ եվրո: Կանխատեսվում է, որ շահագործման հանձնվելուց հետո այն կկարողանա տարեկան սպասարկել մինչև 150 միլիոն մարդու՝ դրանով իսկ դառնալով աշխարհի խոշորագույն օդանավակայանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Ստամբուլում գործող երկու օդանավակայանները կրում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և նրա հոգեզավակ, Թուրքիայի Հանրապետության առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենի անունները: