Բաժիններ՝

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն. Շատերը Հայաստանի տեղը չգիտեն

Օգոստոսի 17-ին Նորավանքում տեղի կունենա Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմը ժամը 11-ին կմատուցի Սուրբ պատարագ, որից հետո տեղի կունենա խաղողօրհնեքի արարողությունը:

Նորավանքում Խաղողօրհնեքի արարողության ժամանակ նաև կազդարարավի 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը կայանալիք «Արենի» գինու փառատոնի պաշտոնական մեկնարկը:

Հոկտեմբերի 1-ը կնշվի որպես Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի տոն տոնը. այնտեղ կկազմակերպվի մրգային օղիների փառատոն: Հոկտեմբերի 2-ին Երփին համայնքը, իսկ հոկտեմբերի 3-ին Ռինդ համայնքը կտոնեն իրենց համայնքային օրերը: Հոկտեմբերի 4-ին «Արենի» գինու տոն, իսկ հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորում կկայանա Վայոց ձորի բերքի տոնը:

«Առաջարկում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հոկտեմբերի 1-ից 5-ը լինեն Վայոց ձորում: Առավոտյան ժամերին՝ մինչև կեսօր մասնակցեն խաղողի բերքահավաքին: Մենք կօգնենք նրանց, որպեսզի նրանք այցելեն մասնավոր խաղողի այգիներ և հողերի սեփականատերերի հետ մասնակցեն խաղողի բերքահավաքին այդ օրերի ընթացքում:

Կարդացեք նաև

Համայնքային տոնակատարությունները մենք պլանավորել ենք կեսօրին՝ ժամը 14:00-ից 17:00-ը, իսկ երեկոյան Եղեգնաձորի ամֆիթատրոնում կլինեն համերգային, մշակութային ծրագրեր»,- ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով՝ փառատոնները ինքնանպատակ չեն. «Ժողովուրդը սկսել է նորից վերադառնալ դեպի գինի, այլ ոչ թե օղի: Գինու վաճառքը տարեցտարի բարձրանում է»:

Նունե Մանուկյանը նշեց, որ իրենք կազմել են «գինու տուրիզմի» ծրագրեր, որոնց միջոցով, օրինակ, նպատակ ունեն տնական գինիները շուկայում ավելի ներկայանալի դարձնել, քանի որ նրանք ևս բավականին որակյալ են.

«Տուրիզմը հնարավորություն է՝ զարգացնելու տնտեսական բոլոր ոլորտները: Այս տարի ևս ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից: Խանութներից գնում ենք գինիներ՝ իրենց կլասիֆիկացիայով, և անցկացնում ենք մրցույթ, թե որ գինին է հաղթող համարվում: Դա շատ արդար մրցույթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գինեգործներն էլ իրենց հետ մրցեն: Անգամ տնական գինիների մրցույթ ենք անցկացնում և մարդիկ հասկանում են, որ որակի վրա պետք է աշխատել»:

Հիմնադրամը տուրիստական տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացնում է փառատոնները, քանի որ, Ն. Մանուկյանի խոսքերով՝ «շատերը Հայաստանի տեղը չգիտեն»: Իսկ նմանատիպ փառատոնային շրջագայությունների միջոցով փորձում են Հայաստանը դարձնել է ավելի գրավիչ՝ միջազգային հանրությանը.

«Հրավիրել ենք Ամերիկայից travelguide հեռուստաընկերությանը, որը նկարահանելու է Վայոց ձորը և այն ներկայացնի աշխարհին որպես գինու բնօրրան»:
Փառատոնի շրջանակներում ացկացվելու են նաև դասընթացներ ռեստորանների աշխատողների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս