
Էրդողանը երեք հիմնական պահանջ է ներկայացրել Թուրքիայի ապագա վարչապետին. Star

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանը, Թուրքիայի նոր վարչապետին, որի անունը դեռ հայտնի չէ, ներկայացնելու է 3 հիմնական պահանջ:
Դրանք առնչվում են զուգահեռ կառույցների (գյուլենականների) դեմ պայքարելուն, կարգավորման գործընթացը (քրդական հարցի լուծումը) շարունակելուն և 2015 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) ամենաուժեղ ձևով պատրաստելուն և ընտրություններին նման տեսքով ներկայանալուն:
Կարևորվում է նաև նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Էրդողանն ընդգծել է, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ԱԶԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ստանա 330 մանդատ (խորհրդարանի 3/5-ը):
Թուրքիայի նոր վարչապետի հարցը կորոշվի օգոստոսի 27-ին կայանալիք ԱԶԿ-ի մեծ համագումարում: Շոշափվում է 4 հավանական թեկնածուի անուն. Աբդուլլահ Գյուլ, Ահմեթ Դավութօղլու, Բյուլենթ Արընչ և Ալի Բաբաջան: