Ադրբեջանում վատթարացել է կալանքի տակ պահվող Լեյլա Յունուսի առողջական վիճակը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն երկու շաբաթ Բաքվի հետաքննչական մեկուսարանում պահվող իրավապաշտպան, շաքարախտով տառապող Լեյլա Յունուսի առողջական վիճակտը վատթարացել է: Այս մասին նա հայտնել է իր ընկերներին:
Քաղաքացիական հասարակության ակտիվիստ, բժիշկ Ազադ Իսազադեն գործակալությանը հայտնել է, որ Լեյլա Յունուսին ցավազրկող դեղեր են ներարկում: Յունուսը նաև փոխանցել է, որ Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են իրեն:
Միևնույն ժամանակ դատախազությունն այդպես էլ չի պատասխանել Յունուսի ընկերների դիմումին, որոնք խնդրել են թույլատրել Յունուս ամուսիններին տեսակցության գնալը, քանի որ Ադրբեջանում ազատության մեջ չի գտնվում այդ ընտանիքի որևէ այլ անդամ:
Լեյլա և Արիֆ Յունուսները մեղադրվում են պետական դավաճանության և այլ հանցանքների մեջ: Սակայն այդ մեղադրանքները որևէ կերպ հաստատված չեն: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է որպես «խղճի բանատարկյալներ»: