Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային

Օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Ուկրաինայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և այդ հարաբերությունները պահպանվում են` անկախ Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Որպես համագործակցության ուղղություններ նախարարը առանձնացրել է զբոսաշրջության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները` նշելով, որ հետագայում ևս ակնկալում է սերտ համագործակցություն այս ոլորտներում:

Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, իր հերթին շնորհակալություն հայտնելով նախարարի հետ հանդիպման համար, հայտնել է, որ չնայած Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակին, նոր կառավարությունը փորձում է հնարավորինս արագ վերականգնել աշխատանքները և կատարել կառավարության կառուցվածքային բոլոր փոփոխությունները, ինչը հնարավորություն կընձեռի վերականգնել հարաբերությունները այլ երկրների հետ: Անդրադառնալով Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններին` դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրները համագործակցության եզրեր կգտնեն` անկախ երկրների` տարբեր միություններին միանալու հանգամանքից:

Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է առավել արդյունավետ օգտագործել համագործակցության հնարավորությունները. նման հնարավորություն է նաև հոկտեմբերին նախատեսված հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է նաև ավիացիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կներկայացնի համագործակցության փաթեթը, որից հետո ուկրաինական կողմը հանդես կգա առաջարկներով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս