The Economist-ը հայտնել է Թուրքիայի նոր վարչապետի անունը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ բրիտանական The Economist պարբերականը հայտնել է Թուրքիայի նոր վարչապետի անունը, ով տվյալ պաշտոնում կփոխարինի Ռեջեփ Էրդողանին, ով էլ իր հերթին հաղթել է օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում:

Բրիտանական պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մեծ համագումարն անցկացվելու է օգոստոսի 27-ին, և որ դրանում հայտնի կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի վարչապետ կդառնա գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում, որ ԱԶԿ-ը Թուրքիայում իր կառավարման 12 տարվա ընթացքում (2002 թվականի աշնանից) 9-րդ անգամ է հաղթում (ժողովրդի ուղիղ մասնակցությամբ) ընտրություններում:

Հիշեցնենք, որ ԱԶԿ-ը հաղթել է 2002, 2007 և 2011 թվականներին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում: Բացի այդ, նա ևս երեք անգամ (2004, 2009, 2014) հաղթել է ՏԻՄ ընտրություններում: ԱԶԿ-ը հաջողություններ է գրանցել նաև 2007 թվականի հոկտեմբերի 21-ին և 2010 թվականի սեպտեմբերի 12-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր իսկ նախաձեռնած հանրաքվեներում:

Եվ ահա ԱԶԿ-ի ներկայացուցիչը (Էրդողան) 2014 թվականի օգոստոսի 10-ին հաղթեց Թուրքիայում անցկացված նախագահական ուղիղ ընտրություններում: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահին առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրեց ժողովուրդը:

2015 թվականի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո կգրանցվի ընտրական դադար և Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեկ տարում (2019 թվական) կանցկացվի միանգամից երեք ընտրություն՝ ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական:

Տեսանյութեր

Լրահոս