Ամերիկացի լրագրողը բեն Լադենի հագուստով ու դիմակով երկու անգամ անարգել հատել է ԱՄՆ-ի սահմանը
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամերիկացի լրագրող Ջեյմս Օ’Կիֆը որոշել է անձամբ ստուգել, թե որքանով են հավաստի սահմանի անվտանգության վերաբերյալ ամերիկացի քաղաքական գործիչների արած հայտարարությունները:
Լրագրողը հագել է «Ալ-Քաիդայի» հանգուցյալ առաջնորդ Բեն Լադենի կոստյումը և երկու անգամ անարգել հատել է երկրի պետական սահմանը: Իր փորձի համար լրագրողն ընտրել է ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև սահմանը: Նա երկու անգամ հատել է երկու երկրները միմյանցից բաժանող Ռիո Գրանդե գետը:
Առաջին դեպքում լրագրողը դա արել է առօրյա հագուստով, իսկ երկրորդ դեպքում՝ Ուսամա բեն Լադենի ռազմական հանդերձանքով ու դիմակով: Օ’Կիֆը գործնականում ապացուցել է, որ իրականությանը չեն համապատասխանում սահմանների անվտանգության մասին արած հայտարարությունները:
Լրագրողն ընդգծում է, որ նույն կերպ հազարավոր օտարազգիներ մուտք են գործում ԱՄՆ: ԱՄՆ-ի սահմանապահ ու մաքսային ծառայությունն իր հերթին հայտնել է, որ իրենց ուժերը գերլարված են, և որ իրենք չեն կարող միաժամանակ գտնվել ամենուրեք: