Վրաստանի վարչապետն ամերիկացի սենատորներին հրավիրել է Սաակաշվիլու ու նրա թիմի նկատմամբ դատավարությանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պատասխան նամակ է հղել ամերիկացի սենատորներին, որոնք իրեն հղած իրենց նամակում մտահոգություն էին հայտնել Վրաստանի նախկին իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ դատական հնչեղ գործընթացների կապակցությամբ:
Գարիբաշվիլին նամակ էր ստացել ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնի, Ջին Շահինի, Ջիմ Ռիշի ու Մարկո Ռուբիոյի անունից: Նրանց հասցեագրած իր պատասխան նամակում Գարիբաշվիլին ամերիկացի սենատորներին առաջարկել է ժամանել Վրաստան և անձամբ համոզվել նրանում, որ այդ գործընթացները թափանցիկ ու անկողմնակալ են:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ հասկանում և կիսում է այն մտահոգությունը, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ ներկայացված մեղադրանքները կարող են ընկալվել որպես քաղաքական հետապնդում, և որ դա կարող է ազդել Վրաստանի ներքին կայունության ու արտաքին քաղաքականության վրա:
Դրա հետ մեկտեղ Գարիբաշվիլին ընդգծել է, որ այն բանից հետո, ինչ Վրաստանը ձեռք է բերել անկախություն, օրենքը խախտած պետական պաշտոնյաները հազվադեպ են ենթարկվել պատասխանատվության, և այժմ անհարաժեշտ է վերջ դնել այդ ամենին: Գարիբաշվիլին նշել է, որ պատրաստ է անձամբ բանտ նստել, եթե իր պարտականությունները կատարելիս երբևէ խախտի օրենք:
Նրա խոսքերով՝ վրացի ժողովուրդն անկեղծ ողջունում է ԱՄՆ-ի, ինչպես նաև արևմտյան մյուս գործընկերների ամուր ու անխոս աջակցությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունի իրենց համար: