
Մահացել է ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած վիճակում հայտնաբերել են իր իսկ տանը, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Տիբերոն քաղաքում: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ «Օսկարի» 63-ամյա դափնեկիրն ինքնասպանություն է գործել:
Աղետը տեղի է ունեցել երեկ, տեղական ժամանակով ժամը 11.20-ի մոտ: Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է (դերասանը մահացել է շնչահեղձությունից), սակայն մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա այսօր կայանալիք դատա-բժշկական փորձաքննությունից հետո:
Վերջին շրջանում դերասանը պայքարում էր ծանր դեպրեսիայի դեմ: Նա «Օսկար» մրցանակի դափնեկիր է, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի դափնեկիր: Ուիլյմասը հայտնի է դարձել Բարի Լևինսոնի «Բարի առավոտ, Վիետնամ» ֆիլմով:
Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Տիկին Դաութֆայեր», «Ջումանջի», «Ուր են տանում երազանքները», «Երկու հարյուրամյա մարդը» և այլն: Ընդհանուր առմամբ, Ռոբին Ուիլյամսը նկարահանվել է գրեթե 300 ֆիլմում: