
Մոսկվան Կիևի հետ համաձայնեցրել է Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի իշխանությունների ու Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համաձայնեցրել է Ուկրաինայի հարավ-արևելքին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Ես զգուշավոր լավատեսությամբ կարող եմ ասել, որ վերացվել են օգնություն ցուցաբերելու համար բոլոր հնարավոր ու անհնար պատրվակները: Մենք Ուկրաինայի ղեկավարության հետ համաձայնեցրել ենք բոլոր մանրամասները»:
Լավրովը հույս է հայտնել, որ հումանիտար ակցիան մոտ ժամանակներս կիրականացվի ԿԽՄԿ-ի հովանու ներքո, և որ արևմտյան գործընկերները չեն խոչընդոտի դրան:
Սրանից առաջ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքին մարդասիրական օգնություն կցուցաբերվի մանրամասները համաձայնեցնելուց անմիջապես անց: