Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մերժել է Վանո Մերաբիշվիլու բողոքը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն այսօր ավարտել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու գործը՝ կապված 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիան բռնի ցրելու հետ:
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը վճռել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Մերաբիշվիլու փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին հայտարարել է, որ իրենք այլ որոշում չէին էլ ակնկալում Վերաքննիչ դատարանից և անպայմանորեն այն կբողոքարկեն Գերագույն դատարանում:
Թբիլիսիի քաղաքային դատարանն ընթացիկ տարվա փետրվարին Վանո Մերաբիշվիլուն, ով 2011 թվականին Վրաստանի ներքին գործերի նախարարն էր, մեղավոր ճանաչեց ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ և նրան դատապարտեց 4.5 տարվա ազատազրկման: