Իրանն աջակցում է «Նաբուկո» գազատարի նախագծին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է «Նաբուկո» գազատարով գազ մատակարարել Եվրոպային: Այս մասին իրանական ԶԼՄ-ների համաձայն, հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալի Մաջեդին:

Նրա խոսքերով՝ այն ժամանակ, երբ Եվրոպան մտադիր է դիվերսիֆիկացնել էներգոռեսուրսների մատակարարումը, Իրանն աշխարհում իր խոշորագույն գազային պաշարներով կարող է Եվրոպային գազ հատկացնել «Նաբուկոյի» միջոցով:

Ոչ վաղ անցյալում Եվրոպայից Իրան է ժամանել երկու պատվիրակություն՝ քննարկելու համար գազի մատակարարման հնարավոր երթուղիները: Մաջեդին հայտարարել է, որ այդ երթուղիները կարող են անցնել Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի, Կովկասի երկրների ու Սև ծովի միջոցով: Ընդ որում, բոլորից նախընտրելի է թվում թուրքական երթուղին:

Մաջեդին ընդգծել է, որ «Նաբուկոն» անօգուտ կլինի առանց իրանական գազի, քանի որ միայն Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում գտնվող «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը բավականաչափ չէ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գազը, նախկին «Նաբուկո» գազատարի փոխարեն, պետք է Եվրոպա հասցվի 3 խողովակաշարով. «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան, պետք է ընդլայնվի), «Անդրանատոլիական» (TANAP, պետք է կառուցվի) և «Անդրադրիատիկ» (TAP, պետք է կառուցվի):

Տեսանյութեր

Լրահոս