
Մարադոնան լրագրողի է ապտակել

Nuevo Diario պարբերականի փոխանցմամբ` Արգենտինայի ֆուտբոլային հավաքականի նախկին հարձակվող և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հարվածել է լրագրողի դեմքին` հայտարարելով, որ մտադիր չէ հարցազրույց տալ:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մարադոնան իր ընկերուհի Վերոնիկա Օխեդայի ու որդու` Դիեգո Ֆեռնանդոյի հետ գնալիս է եղել թատրոն և «հարձակման» է ենթարկվել լրագրողների խմբի կողմից:
Լրագրողների հետ ոչ տևական երկխոսությունից հետո Մարադոնան խնդրել է հանգիստ թողնել իրեն, սակայն մամուլի ներկայացուցիչները չեն լսել նրան: Դրանից հետո Մարադոնան դուրս է եկել մեքենայից և լեզվակռիվ է սկսել լրագրողներից մեկի հետ և վերջիվերջո նրան «պարգևատրել» է ապտակով:
Մարադոնան ավելի ուշ հայտարարել է, որ թատրոն գնալը նվեր է եղել իր որդու համար, և որ չի պատրաստվել հարցազրույց տալ: Դա լրագրողների հետ Մարադոնայի առաջին կոնֆլիկտը չէ: 1994 թվականին նա պնևմատիկ հրացանով հարձակվել էր լրագրողների վրա, ինչի համար ստացել էր երկու տարվա պայմանական ազատազրկում:
2010 թվականին նա մեքենայով անցել էր լրագրողի ոտքի վրայով, ապա սկսել էր բղավել նրա վրա: 2013 թվականի մայիսին Մարադոնան քարեր էր նետել իրեն հետապնդող պապարացիների վրա: