Թուրքիայում անցկացվում են նախագահական ընտրություններ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ: Առաջին անգամ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ` ժողովուրդը:
Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Թուրքիայի 12-րդ նախագահն ընտրվելու է 5 տարով` նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Մինչ այս Թուրքիայի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով` առանց վերընտրման իրավունքի: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին:
Թուրքիայում ընտրողների թիվը կազմում է 52.894.115 մարդ: Նախագահական ընտրությունների քվեարկություն մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 08.00-ին և տևելու է մինչև ժամը 17.00-ը: Այս ընտրություններում առաջին անգամ քվեաթերթիկներում պատկերվել են թեկնածուների նկարները:
Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու. գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը, թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: Քվեաթերթիկներում առաջին համարը հատկացվել է Էրդողանին, երկրորդը` Դեմիրթաշին և երրորդը` Իհսանօղլուին:
Այսօր` մինչև ժամը 24.00-ը, ողջ Թուրքիայում արգելվել է ամեն տիպի ալկոհոլային խմիչքների վաճառքը: Ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ: Փակվել են նաև ժամանցային բոլոր բաց վայրերը, ինչպիսիք են սրճարանները, այդ թվում նաև ընթերցանության ու ինտերնետային սրճարանները:
Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 15-ին, իսկ նախնական արդյունքները` օգոստոսի 11-ին: Եթե կարիք լինի երկրորդ փուլ անցկացնելու, ապա նույն օրը կմեկնարկի դրա քարոզչական կամպանիան: