Կարեն Պետրոսյանը շատ առողջ տղա էր. ազատամարտիկը հանդիպել է Կարենի հոր հետ. News.am
Արցախյան պատերազմի վետերանների միության անդամների մի մասն օգոստոսի 9-ին է վերադարձել Տավուշի սահմանամերձ գյուղերից, որտեղ մի քանի օր զինվորների հսկում էր մարտական դիրքերը: Այս մասին NEWS.am-ին ասել է միության նախագահ Յուրի Միքայելյանը: «Այնտեղ էինք, երբ իմացանք, որ Կարեն Պետրոսյանին սպանել են: Հոր հետ նստել, խոսել ենք, սկզբում ահավոր վատ էր, հետո հասկացավ իրավիճակը: Հույս ունենք, որ Կարմիր խաչը կկարողանա այնպես անել, որ երիտասարդի դին կվերադարձնեն: Ամեն դեպքում բոլորիս համար էլ հասկանալի է, որ Կարենին սպանել են, ինքը չէր կարող սրտի անբավարարությունից մահանալ, որովհետեւ շատ առողջ տղա է եղել, ամբողջ ընտանիքին ինքն է պահել, բայց ասում են՝ հոգեկան շեղումներ ուներ»:
Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:
Ավելացնենք նաև, որ ըստ SHAMSHYAN.com-ի, բանակցություններ են տարվում, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի դին վերադարձվի հայկական կողմին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշել է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այսօր գնալու են գյուղ՝ այդ հարցը քննարկելու նպատակով: Գյուղապետը նաև ասաց, որ Կարենի մորը դեռ չեն հայտնել կատարվածի մասին, քանի որ հիվանդ կին է եւ հնարվոր է այդ դաժան լուրին սիրտը չդիմնա: