Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների ապաէսկալացիան է. ԱԳՆ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ԱԳՆ-ը երեկ հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից 6 տարի անց Վրաստանի կառավարության նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների ապաէսկալացիան է և հակամարտության խաղաղ կարգավորումը:
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ պատերազմից 6 տարի անց օկուպացիոն ուժերը վերստին արդյունավետորեն վերահսկում են Աբխազիան ու Ցխինվալի շրջանը, ինչի հետևանքով կոպտորեն ոտնահարվում են տեղական բնակչության հիմնարար իրավունքները:
Վրաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը մի շարք կոնկրետ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, այդ թվում նաև առանց նախապայմանների տնտեսական, մշակութային ու հումանիտար հարցերի շուրջ երկխոսություն է սկսել Մոսկվայի հետ:
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ անփոփոխ է մնում եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի կուրսը: