Թուրքիայում այսօր «լռության օր» է
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում այսօր «լռության օր» է. վաղը երկրում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Թուրքիայում ընտրողների թիվը կազմում է 53.017.214 մարդ: Առաջին անգամ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ` ժողովուրդը: Թուրքիայում նախագահն ընտրվելու է 5 տարով` նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Մինչ այս Թուրքիայի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով` առանց վերընտրման իրավունքի:
Նախագահական ընտրությունների քվեարկությունը վաղը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 08.00-ին և տևելու է մինչև ժամը 17.00-ը: Ընտրությունների օրը Թուրքիայում արգելք է դրվելու ամեն տիպի ժամանցային ծրագրերի հեռարձակման և սպիրտային խմիչքների վաճառքի վրա:
Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու. գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը, թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: