
Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներն ունեցել են անորակ զրահաբաճկոններ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզել են, որ Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցող զինվորականների զրահաբաճկոնները չեն ապահովում անհրաժեշտ պաշտպանություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը:
Խախտումը հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված ստուգումների ժամանակ, որոնք պատասխանատու են զինծառայողների նյութատեխնիկական ապահովման համար:
Նրանք պարզել են, որ նախկին պաշտոնատար անձինք մարտի 21-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գնել են անորակ զրահաբաճկոններ, որոնք չեն համապատասխանում զրահաբաճկոններին ներկայացվող տակտիկա-տեխնիկական պահանջներին: Ընդհանուր առմամբ, գնվել է 17.080 այդպիսի զրահաբաճկոն, որոնց վրա ծախսվել է ավելի քան 71 միլիոն գրիվնա (գրեթե 5.7 միլիոն դոլար):
Այդ ամենի պատճառով մարտի 21-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Դոնբասում վիրավորվել է առնվազն 67 զինծառայող, որոնք չեն ունեցել լիարժեք պաշտպանություն և անգամ ստացել են մահացու վերքեր: Պատասխանատու անձանց դեմ հարուցվել է քրեական գործ` ծառայողական անփութության համար: