Պուտինը Սոչիում կքննարկի Հայաստանից ու Ադրբեջանից գյուղմթերքի մատակարարումների մեծացման հարցը. քաղաքագետ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լեոնիդ Պոլյակովը մեկնաբանել է այս շաբաթ Սոչիում մի շարք երկրների առաջնորդների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումները:

Մասնավորապես, Պուտինը Սոչիում պետք է հանդիպումներ ունենա Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի ու Եգիպտոսի նախագահների հետ: Պոլյակովը նշանակալից և ժամանակին է համարում Պուտինի կողմից նման գործընկերներ հավաքելը և նրանց հետ բանակցություններ վարելը:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի թեման՝ հատկապես հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:

Բացի այդ, տվյալ հանդիպումներում քննարկվելու է արտադրանքի նեկրման ու արտահանման հարցն այն ֆոնին, որ Ռուսաստանի նախագահի հրամանով արգելվել է մի շարք երկրներից գյուղատնտեսական արտադրանքի ու սննդամթերքի ներկրումը.

«Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական շուկային գյուղատնտեսական արտադրանքի ավանդական մատակարարներ են: Դրա համար էլ՝ ելնելով Վլադիմիր Պուտինի (բեռնարգելքի մասին) հրամանից՝ խոսք է գնալու այդ երկրներից ռուսական շուկա արտադրանքի մատակարարումների մեծացման մասին՝ կապված ԵՄ-ից ներկրման կրճատման հետ:

Նույն հարցը կարող է քննարկվել նաև միջինասիական հանրապետությունների ղեկավարների հետ զրույցում: Բացի այդ, Ղրղզստանի նախագահի հետ կարող է քննարկվել Մաքսային միությանը երկրի անդամակցության հարցը, իսկ Թուրքմենստանի նախագահի հետ՝ գազի հարցը:

Եգիպտոսի նախագահի հետ էլ կքննարկվի այն իրավիճակը, որում հայտնվել է Եգիպտոսը՝ գտնվելով անկայունության երկու օջախների (Գազայի հատված և Լիբիա) միջև»:

Տեսանյութեր

Լրահոս