Բաժիններ՝

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն. Խաղողօրհնեք

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18-ը)։ Այս տարի այն նշվում է օգոստոսի 17-ին: Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

301 թվականին, երբ Հայաստան աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվում, Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանյայց եկեղեցում ծիսական որոշ բարեկարգումներ է կատարում: Հայոց Հայրապետը ոչ միայն բարենորոգեց արարողակարգը, այլև իր հայրապետական տնօրինությամբ հայ հին կրոնում առկա որոշ ավանդություններ, սովորույթներ ու արարողություններ ընդգրկեց քրիստոնեական մեր Եկեղեցու ծիսակարգում: Դրանցից մեկն էլ Անահիտին նվիրված տոներից` այգեկութի երախայրիքի ընծայումն էր, քանի որ հայոց դիցարանում, մի շարք այլ հատկանիշների հետ, պտղաբերության ու արգասավորության մարմնավորողը եղել է Անահիտ դիցուհին:
Ս. Գրիգոր Լուսավորիչն այն վերաիմաստավորելով ու քրիստոնեականացնելով` ներմուծել է Հայոց եկեղեցու ծիսակարգ` համադրելով Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին:

Ս. եկեղեցու հայրերի վկայությունների համաձայն՝ Աստվածամայրն այն ընտիր որթն է, Ով մարդկությանը պարգևեց անապական ու կենդանարար ողկույզը` Հիսուս Քրիստոսին, և քանի որ պտղի օրհնությունը կատարվում էր Ս. Աստվածածնի տոնին, որը համընկնում էր ամռան վերջին, իսկ այդ շրջանում առավելաբար հենց խաղողն էր հասունանում, ուստիև այն դարձավ օրհնության պտուղ:

Ավանդության համաձայն` Սբ. կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում: Երանելի կույսն այդ ժամանակ բնակվում էր իր ծնողների տանը, և նրան սպասավորում էր Հովհաննես առաքյալը։ Տիրոջ համբարձումից հետո սրբուհին աշխարհում մնաց ևս տասներկու տարի, և նրանով մխիթարվում էին առաքյալները: Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել: Մի օր, երբ Սուրբ կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր Սուրբ կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան:

Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը:

Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խոնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց Սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով՝ օրհնեն Աստծուն:

Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»: Երբ Սուրբ կույսը լսեց այդ խոսքը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունը, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:

Այնուհետև Կույսը Հովհաննեսին խնդրեց պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը:

Առաքյալները մտան Վերնատան մոտ գտնվող Աստվածամոր տունը: Սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որը դրախտից իր համար էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանի պարտեզում: Առաքյալները՝ լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ:

Հովհաննեսը վերցրեց մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:
Երբ առաքյալները շրջապատել էին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։

Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ Բարդուղիմեոսը, Երուսաղեմում չէր և Աստվածամոր ննջմանը և թաղմանը ներկա չէր, քանզի դա էր Տիրոջ կամքը: Իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը՝ Աստվածածնի մարմինը:

Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ հրեշտակների օրհներգությունների դադարումից հետո, հրաբուն զորքերի միջոցով, Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, որը միայն Աստված գիտի, և հիանալով փառք տվեցին Աստծուն: Առաքյալները փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմեոսին` որպես մխիթարություն։

Ավանդաբար Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդում է խաղողօրհնեքի արարողությունը: Մինչ Ս. Աստվածածնին նվիրված այս տոնը, խաղողը պաս էր համարվում այնպես, ինչպես խնձորը` Վարդավառին:

Պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս