
Կառավարությունը դեմ չի Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առցանց հեռարձակել ՀՀ ԱԺ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի աշխատանքը: Կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը, եթե այն պետբյուջեի համար լրացուցիչ ծախս չառաջացնի:
Քննության է առնվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են շտկել օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունները, ինչին նույնպես կառավարությունը չի առարկում:
Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է տարընթերցման, ոչ հստակ դրույթների շտկմանը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: