
Իրանում բլոգերի մահվան համար ոստիկանին դատապարտել են 3 տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ոստիկանին դատապարտել են 3 տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի՝ 35-ամյա բլոգեր Սաթթար Բեհեշթիի սպանության համար: Ուժայինի անունը չի հրապարակվել:
Փաստաբանի խոսքերով՝ սպանվածի ընտանիքը հիասթափված է այդ դատավճռի կապակցությամբ, քանի որ նրանց խոսքերով՝ Իրանում բազմաթիվ լրագրողներ իրենց արհեստավարժ գործունեությունը ծավալելու համար դատապարտվել են կրկնակի մեծ ժամկետով ազատազրկման:
Բլոգերը բանտում մահացել էր 2012 թվականի նոյեմբերին, ինչը հասարակական մեծ արձագանք էր առաջացրել Իրանում: Բեհեշթին բանտում էր հայտնվել նույն թվականի հոկտեմբերի 30-ին՝ սոցցանցերում ազգային անվտանգության դեմ իր գործողությունների համար:
Բանտում նրան կտտանքների են ենթարկել: 2012 թվականի հոկտեմբերի 22-ին Բեհոշթին իր բլոգում սուր քննադատության էր ենթարկել Իրանի կառուցվածքը, այաթոլլահ Ալի Խամենեիին ու դատական համակարգը, որին նա որակել էր որպես «սպանդանոց»: