Իսլամիստ զինյալները գրավել են Իրաքի խոշորագույն քրիստոնեական քաղաքը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական խալիֆաթ» խմբավորման զինյալները գրավել են Իրաքի խոշորագույն քրիստոնեական քաղաքը՝ Բահդիդը, որը հայտնի է նաև որպես Քար-Քոշ: Այս մասին հայտարարել է Քիրքուքը ներկայացնող արքեպիսկոպոս Ջոզեֆ Թոմասը:
Հոգևորականի խոսքերով՝ մի շարք բնակավայրերի, այդ թվում նաև Քար-Քոշի բնակիչները լքել են իրենց բնակատեղիները, քանի որ դրանք անցել են զինյալների վերահսկողության ներքո: Նա քրիստոնեական քաղաքների գրավումը որակել է որպես աղետ և ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցները:
Իսլամականները Բահդիդին տիրել են այն բանից հետո, ինչ քրդերի զինված ջոկատները (փեշմերգա) նահանջել են՝ ձգտելով կրճատել ճակատային գծի երկարությունը: Մինչև վերջին իրադարձությունները Քար-Քոշում բնակվում էր 50.000 մարդ: Իսլամիստ զինյալներն իրենց հարձակումն Իրաքում սկսել են հունիսին: