Հարկային և մաքսային տեղեկատվական բազաների համադրմամբ զգալիորեն ավելացել է խախտումների բացահայտումը

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության աշխատանքի արդյունքում տնտեսվարողների շրջանառության ծավալները շուրջ 50%- աճ է արձանագրվել:

Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ` Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը հուլիսի 1-ից լայնածավալ հսկողական աշխատանքներ է իրականացնում ոչ բարեխիղճ հարկ վճարողների ցանկում հայտնված տնտեսվարողների նկատմամբ` կիրառելով օրենքով հարկային մարմնին վերապահված բոլոր հսկողական գործիքները:

Ըստ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանի, ձեռնարկված քայլերով հուլիսին իրականացվել է հսկողական 48 միջոցառում, արդյունքում 30 տնտեսվարող սուբյեկտների շուրջ 50%-ով ավելացել է իրացման շրջանառությունը: Չընդունելով առաջադրված խնդիրների ինքնուրույն բարելավման պահանջը, որոշ տնտեսվարողներ հայտնվել են ուժեղացված հսկողական միջոցառումների դիտակետում: Սամվել Ավետիքյանի խոսքով` նպատակ ունենալով կրճատել ստվերը, նրանց նկատմամբ վարչությունը ստուգումների գործընթացում կիրառում է նոր մեթոդներ և մոտեցումներ.«Ստուգումների յուրահատկությունը կայանում է նրանում, որ հարկային և մաքսային տեղեկատվական բազաների համադրմամբ այժմ ավելի վերահսկելի է դարձել ամբողջ շղթան` սահմանից մինչև արտադրություն և վերջնական սպառող:

Այսինքն, ապրանքի` սահմանը հատելու պահից օնլայն տարբերակով վարչությունում կարողանում են հետևել մինչև վերջնական մաքսային ձևակերպում, հայտարարագրի գնահատում, վճարում և բացթողում շղթային, և դրա արդյունքում ապրանքով բեռնված մեքենաները վարչության աշխատակիցների արտաքին դիտարկման ներքո ուղեկցվում են իրական առաքման կետ: Այս մեթոդով իրականացվող ստուգումներով զգալիորեն բարձրացել է խախտումների բացահայտման մակարդակը»: Հարկային և մաքսային տեղեկատվական բազաների ուսումնասիրման արդյունքում նաև ըստ ժամանակաշրջանների գրաֆիկական տեսքի են բերվել ներկրողների և արտադրողների իրացման ծավալների փոփոխության տվյալները, ինչի արդյունքում վեր են հանվել ռիսկերը.

«Պարզվել է, որ որոշ կազմակերպությունների արտադրական գործընթացի համար նախատեսված հումքի ներմուծման ծավալները հետևողականորեն ընկել են, սակայն ներքին շուկայում տվյալ արտադրատեսակի դեֆիցիտ չի արձանագրվել` ապրանքի արտադրության պարագայում, պարզապես իրացման ծավալներն են արհեստականորեն նվազեցվել կամ թաքցվել»,-տեղեկացրել է վարչության պետը:

Օգտագործելով երրորդ անձանցից ստացվող տեղեկատվությունը` վարչության աշխատակիցները նաև հայտնաբերում են, այսպես կոչված. «սև» հաշվապահության գրանցամատյաններ, որտեղ ամբողջացված են հումքերի և նյութերի մուտքը, դրամական միջոցների շարժը, ինչպես նաև իրացման իրական ծավալները: Ներկայում ընկերությունում ուսումնասիրություններ և հսկողական միջոցառումներ են իրականացվում` պարզելու թաքցված հարկային պարտավորությունները: Վարչությունում ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս