Ռասմուսենն այսօր ժամանում է Ուկրաինա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր ժամանում է Ուկրաինա: Այցը տեղի է ունենում սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ:
Գագաթաժողովի շրջանակներում պլանավորված է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստ՝ նախագահների ու վարչապետերի մակարդակով: Ակնկալվում է, որ դրա արդյունքներով կընդունվի համատեղ փաստաթուղթ, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է վերածվել համագործակցության ծրագրի:
Ռասմուսենն Ուկրաինայում հանդիպելու է այդ երկրի ղեկավարության հետ և քննարկելու է Ուելսի գագաթաժողովին պատրաստվելու և համագործակցության հարցեր: Սեպտեմբերյան գագաթաժողովում կընդունվի ՆԱՏՕ-ի գործողությունների նոր պլան, որը պետք է ուժեղացնի մարտահրավերներին պատասխանելու կազմակերպումը:
ՆԱՏՕ-ն նաև վերանայելու է իր պաշտպանական պլանները, մշակելու է զորավարժությունների նոր գրաֆիկ և ուսումնասիրելու է իր արագ արձագանքման ուժերի ուժեղացման հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ն պլանավորում է դիտարկել Ուկրաինայի հետ համագործակցության հարցը: