Ղարաբաղի շուրջ թեթև անկայունությունը Ռուսաստանի համար ցանկալի է. Jane’s Intelligence. 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Տիկին Գևորգյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում էականորեն լարվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի սադրիչ գործողությունները հանգեցրին թե հայ և թե ադրբեջանցի երիտասարդների մահվան, ու ներկայում իրավիճակը լարված է երկու կողմերում էլ: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ, և արդյոք տեսնո՞ւմ եք լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն:
– Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիան: Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում, որպեսզի Ղրիմը դառնա նախադեպ ԼՂ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ Արևմուտքը հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները դիտարկում է ռուսական ազդեցության լծակ, ուստի ցանկանում է դրանք լուծել: Դրա ապացույցն են արևմտյան դիվանագետների վերջին հայտարարություններն այն մասին, որ Արևմուտքը դեմ է ԼՂ հակամարտության ստատուս քվոյին, ավելին՝ ստատուս քվոն ԼՂ հարցում լուծման տարբերակ չէ: Այսինքն՝ իմ համոզմամբ՝ Ադրբեջանը մտավախություն ունի, որ Ղրիմի օրինակը կկիրառվի Ղարաբաղի դեպքում, Ղարաբաղին ինքնավարություն կտրվի: Ուստի Ադրբեջանի համար, որպես վատթարագույն տարբերակ, մնում է հակամարտության ռազմական լուծումը: Նման բախումներով Ադրբեջանը նաև ամրացնում է իր բանակցային դիրքերը: Իմ կարծիքով՝ այս լարվածության ողջ իմաստը սա է:
Այլ հակամարտություններում հակամարտող կողմերը ջանում են խոհեմ երևալ և, բնականաբար, բռնության, պատերազմի մասին չեն խոսում, այնինչ Ադրբեջանը բացահայտ ասում է, որ եթե հակամարտությունը չլուծվի իր ցանկացած ձևով, ապա իրենք կողմ են հակամարտության ռազմական կարգավորմանը: Բացի դրանից՝ սա միգուցե ստեղծի նոր անկայունության օջախ տարածաշրջանում, որը Ռուսաստանի համար այնքան էլ անցանկալի չէ, որովհետև Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, և Արևմուտքը աշխարհաքաղաքական այս իրավիճակում ստիպված պետք է համագործակցի Ռուսաստանի հետ: Ռուսաստանն ի վերջո կարող է ցույց տալ, որ ինքն ազդեցություն ունի տարածաշրջանում, և եթե այլ հարցերում Ռուսաստանին ճնշում է Արևմուտքը, ապա լուրջ անկայունության դեպքում Արևմուտքը պետք է անպայմանորեն Ռուսաստանի հետ աշխատի հակամարտությունը մարելու համար:
– Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ չե՞ք տեսնում:
– Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսել ու հաղթել: Եթե Ադրբեջանը նույնիսկ պատերազմ սկսի, դա պետք է լինի բլից պատերազմ, այսինքն՝ ամենաշատը տասն օր: Ինչպես Ադրբեջանի վերջին 20 տարվա պատմությունն է ցույց տալիս, Ալիևի ռեժիմը բավականին արագ կարող է թուլանալ, քանի որ Ադրբեջանում սովորաբար հեղաշրջումներն իրականություն են դառնում պատերազմական շրջաններում, երբ ադրբեջանցիները պարտություն են կրում, ուստի ենթադրում եմ, որ Ալիևը հասկանում է՝ իր քաղաքական ճակատագրի համար դա վտանգավոր ճանապարհ է: Իրենք պարզապես կարող են ավելի ակտիվացնել թեժ գիծը, բայց չեմ կարծում, թե լայնամասշտաբ հարձակման դիմեն, կարող են պարզապես թեժացնել սահմանը՝ դա դարձնելով խաղաքարտ ապագա բանակցություններում օգտագործելու համար:
Հայկական կողմը գիտի, որ սա սադրանք է, և չեն լինի մարտական գործողություններ, բայց արևմտյան միջնորդները գուցե այդպես չդիտարկեն ներկայիս լարվածությունը, վախենան, անհանգստանան և ավելի սև ու սպիտակ գույներով դիտարկեն իրավիճակը՝ կարծելով, թե Ադրբեջանն իսկապես կարող է դիմել հարձակման և նոր պատերազմի օջախ ձևավորել տարածաշրջանում:
– Այս օրերին թե Հայաստանում, թե Ադրբեջանում շրջանառվում են վարկածներ, որ անկայունության այս փուլը հրահրվեց Մոսկվայի կողմից՝ մի քանի ուղղությամբ դիվիդենդ ստանալու նպատակով: Որքանո՞վ է սա իրատեսական:
– Իրատեսական չէ: Պարզապես Ռուսաստանն Ադրբեջանի հետ վերջին զենքի գործարքներից հետո ցույց տվեց, որ ԼՂ հակամարտության շուրջ կշարունակի պահել իր ներկայիս դիրքորոշումը՝ առավելություն չտալով որևէ կողմին, ավելին՝ առավելություն չտալով ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը, ինչպես Ղրիմի դեպքում:
Բացի դրանից՝ ՌԴ-ն աչալրջորեն հետևում է արևմտյան միջնորդների քայլերին ու նախաձեռնություններին՝ իմանալով, որ առանց իր ներգրավվածության որևէ խնդիր չի կարող լուծվել: ԼՂ հակամարտության գոտու փոքր-ինչ լարվածությունը, ապա իր խաղաղարարական ջանքերը և հակամարտության սառեցման հերթական փուլը ձեռնտու են Ռուսաստանին: Բայց չեմ կարծում, թե սա Ռուսաստանն է հրահրել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: