Լավրովը Ղազախստանում կքննարկի «Եվրասիական ինտեգրմանը սպառնացող ԼՂ-ի հարցը»

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան, որի Ուստ Կամենոգորսկ քաղաքում նա (այսօր) հանդիպելու է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են ռուս-ղազախական համագործակցության ներկայիս իրավիաճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրման գործընթացներն առաջ տանելու հարցն ու միջազգային օրակարգում գտնվող այժմեական խնդիրները (Ուկրաինայի հարցը):

Այս մասին հայտարարել է Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը: Բանակցությունների գլխավոր թեման նախկինի նման լինելու է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որի մշակումը տևել է 3 տարի և որը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին այս տարվա մայիսին Աստանայում:

Սակայն երեք երկրների խորհրդարանները մինչև տարեվերջ պետք է վավերացնեն այդ փաստաթուղթը, և միայն այդ դեպքում այն կսկսի Մաքսային միության տիրույթում գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա հետ մեկտեղ կողմերի միջև կան բազում խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Ղազախստանն ու Բելառուսը պայմանագրի տնտեսական մասի նկատմամբ իրենց դժգոհությունները ներկայացրել են ընդհուպ մինչև փաստաթղթի ստորագրումը: Մասնավորապես, թեժ թեմա կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը, որը դարձավ բանակցային գործընթացի գլխավոր խոչընդոտը:

ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրման օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին առաջարկեց Մաքսային միությանը միանալ առանց Ղարաբաղի, մինչդեռ Լավրովը քանիցս հայտարարել է, որ Ղարաբաղը կապ չունի եվրասիական տնտեսական ինտեգրման հետ:

Այդ երկրներին դեռ չի հաջողվել հարթել Ղարաբաղի հարցում առկա տարաձայնությունները: Հնարավոր սցենարներից մեկը ներկայացրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը.

«Որպեսզի ԵՏՄ-ում գտնվեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, անհրաժեշտ է, որ բարիդրացիական հարաբերությունների երաշխավորի դերում Հայաստանի կողմից հանդես գա Ռուսաստանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ղազախստանը»:

Նույն ինստիտուտի վերլուծաբան Նադան Ֆրիդրիսոնը կարածում է, որ Լեռնային Ղարաբաղը նախկինի նման «մեծ սպառնալիք է ներկայացնում» եվրասիական ինտեգրմանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում, որ Լավրովի ղազախական այցը և ԼՂ-ի հարցի քննարկումը նախորդում են օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներին:

Տեսանյութեր

Լրահոս