Բաժիններ՝

Հայաստանը` Ռուսաստանի ասեղի վրա. Ըստ մասնագետների, տնտեսությանը լավ օրեր չեն սպասվում. «Մեդիալաբ»

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ և Եվրամիության կողմից պատժամիջոցների ընդլայնումը, «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կանխատեսումներով, ծանր հարված կհասցնեն Հայաստանի տնտեսությանը: «Հայաստանի ամբողջ տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Մենք չենք հասցրել դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ամբողջովին ռուսական էներգետիկ և ֆինանսական ասեղի վրա ենք: Հետևաբար, սա մեր երկրում կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 30-ին Հայաստանի կառավարությանն ու գործարար համայնքին ուղղված նախազգուշական հայտարարությամբ հիշեցրեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնվել են, և պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը ռիսկեր է պարունակում:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ այս պատժամիջոցների հետևանքը կլինի այն, որ Հայաստանի տնտեսությունը անկում կապրի: Հայաստանում ներկայացված ռուսական բանկերը, վերլուծաբանի կարծիքով, իրենց գումարները Հայաստանից դուրս կտանեն:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես Հայաստանի վրա գործադրվող ճնշում:

«Դա ճնշում է Ռուսաստանի վրա: Հայաստանի վրա ճնշում է այնքանով, որ մեր երկիրը պետք է հետևի միջազգային նորմերին: Իսկ միջազգային նորմերին հետևելը ճնշում չէ, յուրաքանչյուր երկրի պարտականությունն է»,- ասում է նա:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ԱՄՆ դեսպանատան նախազգուշացնող հայտարարությունը «դիվանագիտական նորմալ պահվածք» է որակում:

«Նրանք ուղղակի իրենց պարտքն են համարում զգուշացնել բոլորին, որ պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ հարաբերություններ ունենալիս հաշվի առնեն պատժամիջոցները»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Գևորգյանը:

Թե ինչ հետևանքներ կունենան Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Հայաստանի հատկապես բանկային համակարգի վրա, Հայկ Գևորգյանի խոսքով, դեռևս վաղ է ասել: Ըստ նրա՝ անգամ Հայաստանի Կենտրոնական բակը չի կարող այսօր պատասխանել այդ հարցին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս