Տեղի ունեցածը ապացուցեց, որ հայի դուխը տեղն է, որ հայը շատ ավելի ուժեղ է. Դավիթ Ամալյան. Nyut.am
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված դրության մասին ինֆորմացիոն հոսքն ավելի շատ անհանգստացնում է սահմանից հեռու ապրող քաղաքացիներին: Բնականաբար, «պատերազմ» հասկացությունը և դրա վերսկսման վտանգը չեն կարող անտարբեր թողնել որևէ գիտակից քաղաքացու, սակայն երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը Nyut.am-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հրադադարի խախտումներն ավելի մասսայական բնույթ չեն կրի, և շուտով ամեն ինչ իր նորմալ հունին կվերադառնա. «Նրանք փորձում էին մեզ, և եթե տեսնեին, որ դիմադրությունը թույլ է կամ ընդհանրապես չկա, հաստատ պատերազմ կսկսեին` վստահ լինելով իրենց հաղթանակի վրա, սակայն այն, ինչ տեղի ունեցավ այս մի քանի օրերին, կրկին ապացուցեց, որ հայի դուխը տեղն է, որ հայը շատ ավելի ուժեղ է, թեկուզ հենց միայն ոգով: Մենք այստեղ` Երևանում, մի փոքր խառնվել էինք իրար, սակայն սահմանին կանգնած տղերքը մեզ դուխ էին տալիս, չնայած իրականում հակառակը պետք է լիներ` մենք պետք է հանգստություն պահպանեինք և փոխանցեինք նրանց»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Դ. Ամալյանի խոսքով՝ իրականում արտառոց բան չի եղել, նման բախումների վտանգը միշտ էլ կա. «Ճիշտ է, կորուստներ ունենք, և մեր մեկ զինվորի կյանքն իրենց ողջ բանակն արժի, բայց, ցավոք, այս պահին այս դրությունն է և այլ ելք չկա: Աշխարհի ամենավտանգավոր զենքը խուճապն է: Այդ իսկ պատճառով բանակի մասին պետք է խոսեն միայն կոմպետենտ մարդիկ ու լրատվամիջոցները: Չեմ կարծում, որ մասշտաբային որևէ բան կլինի: Սա ավելի շուտ իրական վարժանք ու պատրաստության ստուգում էր մեր տղաների համար»,- կարծիք հայտնեց մտավորականը. «Այս վիճակը հրահրվել է միջազգային կառույցների կողմից` մեր նախագահին անհարմար վիճակի մեջ դնելու և նրան զիջումներ պարտադրելու համար: Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի զիջում էլ չի լինելու, քանի որ բոլորը տեսան` հայը մինչև վերջին շունչը կանգնած է` հանուն հայրենիքի և հանուն իր ընտանիքի»:
Ազատամարտիկը հիշեց, որ 90-ականներին` պատերազմի ժամանակ, եղել են պահեր, երբ շատ ծանր դրություններում ենք հայտնվել, սակայն խուճապ չի եղել, քանի որ չկային դրա տարածման լավագույն միջոցը` սոցիալական ցանցերը. «Տղերքը, առանց սրա-նրա ինֆորմացիան լսելու, արել են իրենց գործը և արել են շատ լավ»:
Մեր այն հարցին, թե արդյոք սոցիալական ծանր դրությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ շատ կռված տղերք այս անգամ հետ կանգնեն պայքարից, Դ. Ամալյանը համոզմունքով ասաց, որ ցանկացած պահի, եթե լինի դրա անհրաժեշտությունը, նրանցից յուրաքանչյուրը ոտքի կկանգնի հայրենիքի պաշտպանության համար. «Հայրենիքը մեր մայրն է: Ընտանիքում կարող են լինել մարդիկ, որոնց հետ անհնար է ապրել, բայց եթե եղբորդ հետ կռված ես, նեղացած ես նրանից, չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում չպետք է պաշտպանես մորդ: Տղերքը միշտ պատրաստ են պաշտպանել մեր մորը»:
Անդրադառնալով կամավորական ջոկատների` սահման մեկնելու փաստին` մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այս առիթով վախենալու կամ անհանգստանալու կարիք չկա. «Բնական է, կան տղերք, որոնք դեռ չեն մոռացել վառոդի հոտը և գիտակցում են, որ պատերազմը դեռ թարմ է և պարզապես ուզում են թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես մեր երիտասարդների կողքին լինել ու իրենց ներկայությամբ ավելի ուժեղացնել նրանց: Դուխնե´րդ տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու, կարևորը, որ մեր ապրածին հավատանք ու այդպես շարժվենք առաջ: Խաղաղությունը հաստատում են պատերազմի պատրաստ լինելով, իսկ սահմանին կանգնած տղերքը պատրաստ են դրան»:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում