Բաժիններ՝

Հրապարակվել են Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում ընդունված որոշումները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի են դարձել օգոստոսի 4-6-ին Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստում ընդունված որոշումները: YAŞ-ի նիստում որոշվել է մեկ աստիճանով բարձրացնել 37 գեներալի ու ծովակալի կոչումները:

Բացի այդ, 51 գնդապետ արժանացել է գեներալի ու ծովակալի կոչման: Մեկ տարով երկարաձգվել է 34 գեներալի ու ծովակալի զինծառայության ժամկետը: Այդ որոշումներն ուժի մեջ են մտնելու 2014 թվականի օգոստոսի 30-ից հետո:

Այդ օրը Թուրքիայում նշվում է որպես Հաղթանակի օր՝ կապված 1922 թվականի այդ օրը Մուսթաֆա Քեմալի կողմից Դումլուփընարի ճակատամարտում հույներին հաղթելու հետ: Օգոստոսի 30-ը Թուրքիայում նշում են նաև որպես Զինված ուժերի օր:

Օգոստոսի 30-ին պաշտոնաթող է լինելու 41 գեներալ ու ծովակալ՝ կապված նախորդ տարի նրանց պայմանագրերը մեկ տարով երկարաձգելու ժամկետի ավարտի հետ, ևս 2 գեներալ տարիքային շեմն անցնելու պատճառով պաշտոնաթող կլինի սեպտեմբերի 1-ին:

YAŞ-ի որոշմամբ՝ Էգեյան բանակի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը նշանակվել է Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ իրենք նախապատրաստական աշխատանքներ են տանում Ժանդարմերիան ամբողջովին ՆԳՆ-ին կցելու ուղղությամբ:

Նախարարը, սակայն, չի հայտնել, թե ինչ ժամկետում կիրականացվի այդ գործընթացը: Ժանդարմերիան խաղաղ ժամանակ պատկանում է ՆԳՆ-ին, իսկ պատերազմական ժամանակ անցնում է զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս