Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ Վ. Պուտինն ունենալու է խաղաղարար նշանակություն հայ-ադրբեջանական հարաբերությունների համար
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի կեցվածքը պետք է դիտարկել այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության մեջ՝ տեղայնացված մեր տարածաշրջանում:
Ռ. Հակոբյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է օգտվել այս վատ աշխարհաքաղաքական իրողություններից և իրականացնել իր վաղուցվա երազանքը, որը միշտ բավականին ագրեսիվ, ռազմատենչ ոգով արտահայտել է Ադրբեջանի նախագահը՝ փոխել ստատուս-քվոն Ղարաբաղի հակամարտության ընթացքում և սրել իրավիճակն այս առումով. «Ինչը, հասկանալի է, որ ձախողվեց, ու այդ ձախողումն արձանագրում ենք ոչ միայն մենք, այլ, եթե ուշադիր եք նայում, ադրբեջանական լրատվամիջոցները, միջազգային վերլուծաբանները փաստում են, որ ձախողվել են գոնե այս առումով Ադրբեջանի հավակնությունները: Կա նաև մեկ այլ տարբերակ, որ Ադրբեջանն ուզում է սրել իրավիճակը, որպեսզի լայնամասշտաբ պատերազմական գործողություններ վերսկսի, որը քիչ հավանական եմ դիտում»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-9-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ բանակցություններ կվարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի այս հանդիպումներից, Ռուբեն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ վերջին շրջանում այս լարվածության ֆոնին՝ թե՛ հյուսիսային սահմաններում, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում, Ադրբեջանի նախագահը շատ թույլ կարգավիճակով կներկայանա, բայց չեմ կարծում, որ արմատական ինչ-որ որոշումներ այնտեղ կընդունվեն: Սա պետք է դիտել ստանդարտ, նախկինի նման՝ հերթական հանդիպումներից մեկը, բայց պետք է ողջունել այդ հանդիպումը: Ավելի լավ է՝ հանդիպեն, զրուցեն միասին, որն ինչ-որ տեղ համեմատաբար կարող է մեղմացնել իրավիճակը, քան առանց հանդիպելու՝ դիվերսիոն խմբեր ուղարկել կամ ներթափանցել հակառակորդի ուժային դիրքեր»:
Մեր հարցին, թե ՌԴ նախագահն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս պահին լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, ուղղակի հերթական ընդունված, ստանդարտ ձևակերպումները պետք է կրկնվեն, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցային գործընթացում, պետք է հնարավորինս հանդուրժողականություն ցուցաբերել, պետք է ժողովուրդներին ոչ թե անհանդուրժողականության տանել, այլ որոշակի հանդուրժողական հարթություն ձևավորել, և այլն»:
Այսինքն՝ Վ. Պուտինն ավելի շատ խաղաղարար ազդեցությո՞ւն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա. «Ես կարծում եմ՝ այո, որովհետև այս պահին Ռուսաստանի շահերից չի բխում, որ տարածաշրջանում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի սրվեն՝ նկատի ունենալով Ռուսաստանի այսօրվա խնդիրները»:
Ռ. Հակոբյանի կարծիքով՝ պատերազմը վերսկսելու ռիսկերը միշտ էլ եղել են, բայց այժմ այդքան հասունացած չեն. «Միշտ ասել եմ և կկրկնեմ, որ եթե Ադրբեջանը համոզված լինի, որ պատերազմում հաղթելու է, նա չի սպասի: Ինքն առայժմ չունի այդ համոզմունքը, և վերջին իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ իսկապես ինքը մեծ ռիսկի կդիմի, որ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի: Ես հետևում եմ նաև ադրբեջանական լրատվամիջոցներին, և կարծես բավականին առարկայական, օբյեկտիվ գնահատականներ կան թե՛ իրենց հնարավորություների, թե՛ ժողովրդի տրամադրվածության, և հատկապես՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արկածախնդիր, սադրիչ պահվածքի վերաբերյալ»: