Տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստ

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրը նիստում հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի համաձայն առաջարկվում է տնտեսության մեջ արձանագրել որոշ ապրանքների շրջանառության իրա­կան ծավալ­ները` դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարա­վո­րու­թյուն­ները: Նախագծի ընդուն­­­­­ման արդ­­յուն­քում ակնկալվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառ­ման համա­կարգի կիրառության շրջանակը:

«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվում է դատարաններում ներդնել դատական նիստի ձայնային արձանագրման համակարգ: «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի համաձայն կհստակեցվեն գյուղատնտեսական տեխնիկայի և նոր մտցրած տրակտորային կցանքներ հասկացության հաշվառման պայմանները և շահագործման կանոնները: Ըստ նախագծի` կսահմանվի տրակտորիստ-մեքենավարի որակավորման քննություններին մասնակցելու տարիքը: Օրինագծի ընդունումից հետո տրակտորիստ-մեքենավարները հնարավորություն կունենան որակավորման քննություններին մասնակցել 17 տարեկան հասակում: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի հաստատմանը:

Կառավարության որոշմամբ հաստատվել է պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Գործադիրի նախկին որոշումներից մեկում արված փոփոխությամբ առավել պահանջվող մասնագետների հետ 3 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը կփոխարինվեն 5 տարի ժամկետով՝ նպատակ ունենալով անվճար տեղերի շրջանակներում ուսումնառած ուսանող-շրջանավարտների գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները հնարավորինս ծառայեցնել երկրին: Նախատեսվում է նաև պայմանագրի պահանջների խախտման դեպքում ուսանող-շրջանավարտի կողմից պետական բյուջե փոխհատուցել պետության կողմից վերջինիս համար ծախսված գումարը և սահմանել տույժ՝ ծախսված գումարի 30 տոկոսի չափով: Կարևորելով հարցը` վարչապետը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել ոլորտն ուսումնասիրելու և ծրագրի արդյունավետության բարձրացման վերաբերյալ նոր առաջարկություններ ներկայացնելու համար:

Նիստում ընդունված որոշման համաձայն կմշակվի հստակ մեթոդաբանություն` հաշմանդամության կարգի որոշման ժամանակ սուբյեկտիվ մոտեցումները բացառելու և միասնական քաղաքականություն ցուցաբերելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձինք հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կենթարկվեն, եթե նրանք իրենց նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել են մշտական բնակության վայրում` արտագնա կարգով: Այդ դեպքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:

Կառավարությունը սահմանել է աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը. կապահովվի գործատու-աշխատանք փնտրողի անմիջական կապը` սրանով նպաստելով զբաղվածության խնդրի լուծմանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ԼՂՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հայեցակարգը: Կստեղծվի պետություն-մասնավոր հատվածի համագործակցություն, որի արդյունքում կիրագործվեն բազմաթիվ ծրագրեր` սոցիալական տարբեր խմբերի համար:

ԼՂՀ գյուղատնտեսության սուբսիդավորման հայեցակարգով, որն այսօր հաստատվել է կառավարության կողմից, առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել հանրապետության գյուղատնտեսության սուբսիդավորման ենթակա ոլորտների արդյունավետ զարգացման համար: Նկատի առնելով հանրապետության գյուղատնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաև` գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման կարևորությունը, սահմանվել են գյուղատնտեսության սուբսիդավորման հետևյալ ձևերը` վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, հողի մշակության համար աջակցության տրամադրում, երաշխավորված (նպատակային) գնային քաղաքականության իրականացում, աջակցություն շուկայական գներին, արտադրության միջոցների ձեռքբերմանն աջակցություն, բնական աղետների հետևանքեվ առաջացած վնասի փոխհատուցում, աջակցություն պետական գրանցում ստացած գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև արտահանման ուղղվածություն ունեցող արտադրատեսակների արտադրության և արտահանման խթանման աջակցություն:

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԼՂՀ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման գալիք ուստարվա մասնագիտությունների ցանկում` պարարվեստ և պարի ուսուցում մասնագիտությունների համար հատկացնելով 10-ական անվճար տեղեր:

Լուծարվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Վանքի «Գանձասար» ճամբար» ՊՈԱԿ-ը` շենքը ՀՀ մատենադարանի ԼՂՀ մասնաճուղի վերածելու նպատակով: Գույքը կհանձնվի ԼՂՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի տնօրինությանը, որպեսզի այն օգտագործվի նախարարության կողմից կազմակերպվող ճամբարների համար:

Կառավարությունը փոփոխություն է մտցրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բուհեր-ում ուսուցումը շարունակելու կարգում: Ըստ դրա գնահատման 10 միավորանոց համակարգում 7 և ավելի միջին միավոր ունեցող շրջանավարտներին իրավունք կտրվի ուսուցումը շարունակել բուհ-երում: Հաստատվել է նաև այն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բուհեր: Կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:

Գործադիրը փոփոխություն է մտցրել «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգում, որի համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելիս կնախատեսվեն այնպիսի պարտադիր պահանջներ, ինչպիսիք են` հեռահաղորդակցությունը, օդափոխությունը, նախագծայի փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջները:

Մեկ այլ որոշմամբ սահմանվել է իրավական հիմքը, որի հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ ստուգման ժամանակ անուղղակի եղանակներով կհաշվարկվեն եկամտային հարկի հաշվառման օբյեկտ (հարկվող եկամուտ) հանդիսացող բազային և պայմանագրային եկամուտները:

Կառավարության նիստում ընդունված մի շարք որոշումներ վերաբերում էին ոստիկանության ծառայությանը. հոկտեմբերի 1-ից ոստիկանության ծառայողներն կանցնեն նոր համազգեստի: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը:

Մեկ տասնյակից ավելի որոշումներ են ընդունվել կառավարության այսօրվա նիստում, որոնցով կարգավորվում են ընդերքօգտագործման և բնապահպանության ոլորտները: Մասնավորապես, սահմանվել են պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգերը, պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը և այլն:

Նիստում ուժը կորցրած են ճանաչվել կառավարության կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս