Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում չեմ այցելի Իմրալը. Սելահաթթին Դեմիրթաշ
Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը պատմել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում իր առաջնահերթությունների մասին:
Դեմիրթաշը, մասնավորապես, հայտարարել է, որ եթե դառնա Թուրքիայի նախագահ, ապա ամեն դեպքում չի այցելի (Մարմարա ծովի) Իմրալի կղզի, որի բանտում 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Նա խոստացել է փոխարենը ներդրում ունենալ քրդական հարցի կարգավորման գործընթացում, արագացնել այն և երկրում հաստատել մնայուն խաղաղություն:
Դեմիրթաշի խոսքերով՝ ամենակարևոր հարցը նոր Սահմանադրության ընդունումն է, որը կփոխարինի 1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո (1982 թվական) ընդունված Սահմանադրությանը, որով մեծ իրավունքներ էին վերապահվել զինվորականներին:
Դեմիրթաշը կարևորել է նաև խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության ակտիվ աշխատանքը: Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին: Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին: