
Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել Լեյլա Յունուսին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Փարիզը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հանրահայտ իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ, որին մեղադրում են պետական դավաճանության, հարկեր վճարելուց խուսափելու և մեքենայություններ գործելու մեջ:
Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունում, որը Ֆրանսիայի դեսպանատունը տրամադրել է Turan գործակալությանը:
Դրանում նշված է, որ Յունուսը, որի հետ այս տարվա մայիսին Բաքու կատարած այցի ժամանակ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հարգված մարդ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ֆրանսիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Լեյլա Յունուսը տվյալ ոլորտում իր արժանիքների համար պարգևատրվել է Պատվո լեգեոնի ասպետ շքանշանով:
Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում ազատ արձակել Լեյլա Յունուսին՝ կապված նրա վատառողջության հետ: Պաշտոնական Փարիզը նաև կոչ է արել հարգել Լեյլա Յունուսի՝ պաշտպանության ու փաստաբանի հետ անարգել շփման իրավունքը: