
Ադրբեջանում ձերբակալել են հանրահայտ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում ձերբակալել են հանրահայտ կոնֆլիկտաբան, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսին: Դա տեղի է ունեցել Բաքվում, երբ Արիֆ Յունուսը կալանքի տակ պահվող իր կին Լեյլա Յունուսին տեսակցելու համար այցելել է մեկուսարան:
Արիֆ Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը մտավախություններ ունի, որ Արիֆ Յունուսին կկալանավորեն: Յունուսների ընտանեկան երկրորդ փաստաբան Ջավադ Ջավադովը հայտարարել է, որ դատախազությունը դիմել է դատարանին, որպեսզի նա փոխի Արիֆ Յունուսի դեմ նշանակված խափանման միջոցը և ոստիկանների վերահսկողության տակ գտնվելը փոխարինի կալանքով:
Ջավադովը երեկ տեսակցել է Լեյլա Յունուսի հետ և հայտարարել է, որ լրջորեն վատթարացել է Լեյլա Յունուսի առողջական վիճակը՝ տեսողությունը, ով տառապում է շաքարախտից և 2013 թվականի հոկտեմբերից երկու անգամ վիրահատել է աչքերը: Մինչ այդ էլ նա ենթարկվել է ևս 4 վիրահատության: