
Ադրբեջանի իշխանությունները վրեժ են լուծում Ռասուլ Ջաֆարովից. Amnesty International

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանում Մարդու իրավունքների ակումբի հիմնադիր և «Եվրատեսիլ – 2012» մրցույթի ժամանակ իրավապաշտպան կամպանիայի համակարգող Ռասուլ Ջաֆարովին կալանավորելը հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների վրեժխնդրությունը՝ կապված նրա իրավապաշտպան գործունեության հետ:
AI-ն կարծում է, որ Ջաֆարովին կալանավորել են հնարովի մեղադրանքներով միայն նրա համար, որ նա օգտագործել է ազատ արտահայտվելու իր իրավունքը: AI-ն Ռասուլ Ջաֆարովին համարում է «խղճի բանտարկյալ»: Ադրբեջանում AI-ի «խղճի բանտարկյալների» ցուցակում առկա է ևս 20 անուն:
Ջաֆարովի կալանավորմանը նախորդել էին հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին (հուլիսի 30) և քաղաքացիական ակտիվիստներ Անար Մամեդլիի ու Բաշիր Սուլեյմանլիի (մայիսի 26) կալանավորումները: