
Human Rights Watch-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է վերջ դնել քաղաքացիական հասարակության ճնշումներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ կապված հանրահայտ իրավապաշտպան ու իշխանությունների քննադատ Ռասուլ Ջաֆարովին կալանավորելու հետ:
HRW-ն ընդգծել է, որ Ջաֆարովին կալանավորելը վկայում է երկրում քննադատների բերանը փակելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների փորձերի ուժեղացման մասին: Կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ջաֆարովին և վերացնել նրան քաղաքական դրդապատճառներով նրան ներկայացված մեղադրանքները:
HRW-ը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ դնեն քաղաքացիական հասարակության ճնշումներին: Ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ Ռասուլ Ջաֆարովն իշխանությունների ամենաակտիվ քննադատներից մեկն էր՝ HRW-ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները նրան կալանավորելով քաղաքացիական ակտիվիստներին հասկացնել են տալիս, որ նրանք դադարեցնեն իրենց իրավապաշտպան գործունեությունը:
Վերջին 2 տարում Ադրբեջանում կալանավորվել և դատապարտվել է ավելի քան 10 լրագրող, բլոգեր, իրավապաշտպան ու ընդդիմադիր: