Բաժիններ՝

ՌԴ-ում ընթացող տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել «Տանկային բիաթլոն 2014» աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված անհատական մրցավազքի փուլում: Այս մասին այսօր հայտարարել է մրցաշարի գլխավոր դատավոր, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը:

Նրա խոսքերով՝ ռուսական թիմը տարածությունը հաղթահարել է 26 րոպե և 39 վայրկյանում՝ ցուցաբերելով լավագույն արդյունքը: Պետրովը հավելել է, որ երկրորդ տեղում Հայաստանի թիմն է՝ 28 րոպե և 58 վայրկյան, իսկ երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը՝ 29 րոպե և 53 վայրկյան:

Պետրովն ընդգծել է, որ մրցաշարում բոլոր պահանջների կատարմամբ և առանց ժամանակային տույժերի ելույթներ են ունեցել միայն երեք թիմեր՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Չինաստանի թիմերը:

Տանկային բիաթլոնի գծով աշխարհի առաջին առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել է երեկ, մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում և տևելու է մինչև օգոստոսի 16-ը: Դրան մասնակցում են 12 երկրների թիմեր, իսկ ավելի քան 20 երկրների պատվիրակություններն էլ հանդես են գալիս որպես դիտորդներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս