Բաժիններ՝

Ստամբուլի մեգա նախագծերը խնդիրներ կառաջացնեն խմելու ջրի մատակարարման ոլորտում. փորձագետ

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի մեգա նախագծերը, ինչպիսիք են երրորդ կամրջի և երրորդ օդանավակայանի կառուցումը, մեծ վնաս են պատճառում քաղաքի ջրային պաշարներին: Այս մասին հայտարարել է Ինժեներ-բնապահպանների պալատի (TMMOB) նախագահ Բարան Բոզօղլուն.

Թուրքիան այս տարի ապրում է վերջին 50-100 տարվա իր ամենաուժեղ երաշտը: Ձմռան ամիսներին առատ ձյան և գարնանային ամիսներին ուժգին անձրևների բացակայությունը վկայում են, որ մոտ ժամանակներս քաղաքներում և հատկապես խոշոր քաղաքներում գրանցվելու է խմելու ջրի պակաս:

Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարները նվազել են 19 տոկոսով, երկրի մյուս շրջաններում ջրի մակարդակը նույնպես շարունակում է անկում ապրել: Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիայում խմելու մաքուր ջուրը շուտով կարող է դառնալ դեֆիցիտ, քանի որ տարբեր տիպի մեգա նախագծերը սպառնում են խորացնել արդեն իսկ ձգձգվող երաշտի պայմաններում ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները:

Բոզօղլուի խոսքերով՝ Ստամբուլում երրորդ օդանավակայանի կառուցման հետևանքով կտրվելու է 2.5 միլիոն ծառ, ոչնչացվելու է 70 լճակ և ցամաքեցվելու է 8 գետ, իսկ ահա Թերքոս լիճը, որի ջուրը հասցվում է Ստամբուլ և Թրակիա, նույնպես ամբողջությամբ կցամաքի երրորդ օդանավակայանի կառուցումն ավարտելուց հետո:

Նա հավելել է, որ Ստամբուլի երրորդ կամրջի կառուցման համար կկտրվի ավելի շատ ծառ, քան օդանավակայանի պարագայում է, և այդպիսի պայմաններում պարզապես անհնար է երաշտի դեմ հաջողությամբ պայքարելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս