
Թուրքիայի զինվորական վերնախավն իր ցավակցություններն է հղել ադրբեջանական կողմին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը ցավակցություն է հայտնել շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ և հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը և Թուրքիայի զորատեսակների հրամանատարներն իրենց ցավակցություններն են հղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ու զոհված զինծառայողների ընտանիքներին:
Թուրքիայի զինվորական վերնախավն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Ադրբեջանին ու նրա զինված ուժերին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ ադրբեջանական կողմին իրենց ցավակցություններն էին հղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանը: