
Դավութօղլուն անկասկած է համարում, որ Թուրքիայի նոր նախագահ է դառնալու Էրդողանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ Քոնիայի նահանգում հանդիպել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին (հնարավոր է՝ վերջին) փուլի անցկացմանը:
Դավութօղլուն մեծ կարևորություն է տվել նախագահական ընտրություններին և հայտարարել է, որ օգոստոսի 10-ին Թուրքիան կստանա նոր նախագահ (այսինքն չի լինի երկրորդ փուլ, որը կարող է տեղի ունենալ օգոստոսի 24-ին).
«Դա անկասկած է: Թուրքիայի Հանրապետության նոր նախագահը լինելու է մեր (ԱԶԿ-ի) նախագահ (երկրի վարչապետ), երիտասարդ և մեծ գաղափարներով ճանապարհ ընկած Ռեջեփ Էրդողանը: Այստեղ ոչ մի կասկած չկա և չի կարող լինել»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում չհաղթելու դեպքում պատրաստ է հեռանալ քաղաքականությունից: