
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը խորին մտահոգություն է հայտնել՝ կապված հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում առկա իրավիճակի էսկալացման կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկային մեծ կորուստների:
Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին. «Մենք ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ և հարգել հրադադարի մասին համաձայանագիրը:
Այդ հակամարտության ռազմական կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունները միայն կբարդացնեն (հակամարտության) խաղաղ կարգավորման հնարավորությունը:
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, նախկինի նման պատրաստ է կողմերին օգնել՝ հասնելու համար հակամարտության կարգավորմանը: Մենք ավանդաբար աջակցում ենք կողմերի հանդիպումներին, որպեսզի շարունակվի տվյալ հարցերի շուրջ երկխոսությունը»: