
Վրաստանը լավատեսական ակնկալիքներ ունի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովից. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Թբիլիսիում մասնակցել է օտար երկրներում Վրաստանի դեսպանների հետ հանդիպմանը: Իր ելույթում Գարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը լավատեսական ակնկալիքներ ունի՝ կապված ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի հետ.
«Այսօր մենք կարող ենք համարձակորեն ասել, որ Վրաստանը մեծ հաջողությունների է հասել արտաքին քաղաքականությունում: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ համագործակցությունը՝ Վրաստանը լավատեսական ակնկալիքներ ունի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովից:
Մենք հուսով ենք, որ կբարելավվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ մեր համագործակցության մակարդակը և ՆԱՏՕ-ի գագաթաժողովում համարժեք կարտացոլվեն ձեռք բերված հաջողությունները: Վրաստանն ընթացիկ տարում մտադիր է էլ ավելի մեծ ներդրում ունենալ միջազգային մակարդակով անվտանգության ապահովման գործընթացում»:
Գարիբաշվիլու խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը որոշակի հաջողությունների է հասել Վրաստանի չճանաչված, օկուպացված տարածաշրջանների նկատմամբ քաղաքականությունում.
«Որոշակի քայլեր են արվել տարածաշրաջանի երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ու բարիդրացիությունն ամրապնդելու ուղղությամբ: Մենք հաջողությամբ իրականացնում ենք Եվրոպայի հետ ինտեգրումը»: